Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանման տեղակայմանը եւ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել է, որ Լիբանանում հայ խաղաղապահների տեղակայումից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները թեւակոխել են նոր ժամանակաշրջան, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ռազմական բնագավառում համագործակցության զարգացման համար:
Կողմերը հաստատել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունների անհրաժեշտությունը եւ կարեւորել դրանց ընթացքում ակնկալվող քննարկումները:




























