Հայկական ավանդական խոհանոցը Սփյուռքում ավելի լավ է պահպանվում, քան Հայաստանում։ Այս մասին այսօր՝դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Սփյուռքում, ցավոք սրտի, ավելի շատ եւ հիմնովին ամբողջ տեսքով պահպանված են հայկական ավանդական խոհանոցը։ Նույնիսկ գաղթօջախներ կան, որ իրենց ինքնության հետ կապված այդքան հիշողություն չունեն, նույնիսկ լեզվի պահպանման մեջ, ազգանվան, բայց ազգային խոհանոցը պահպանելով իրենք գիտեն, որ ազգությամբ հայ են։ Օրինակ՝ վերջերս մենք եղանք Արգենտինայում, եւ էնտեղ պիտի տեսնեիք, թե ինչքան աղարտ է պահպանված ամբողջ մեր արեւմտյան կիլիկյան շրջանի խոհանոցը, որքան մեծ պահանջարկ ուներ Արգենտինայում եւ որքան էր գնահատված»,- ասաց Մամուլյանը։

Ազգագրության թանգարանի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը նշեց, որ Սփյուռքում ավանդական խոհանոցն ինքնության ցուցիչ է։

«Օրինակ Տրանսիլվանիայում ՝ Արմենոպոլիսում, խոհանոցը կարող է ընկալվել որպես ինքնության ցուցիչ, որովհետեւ էդ մարդիկ չունեն լեզվի ընկալում , հայերեն չեն խոսում, մեր մշակութային ոչ մի կոմպոնենտ չեն պահում, միայն խոհանոցն է պահպանվել։ Դա հայկական է ընկալվում ոչ միայն հայերի կողմից, այլեւ հարեւան հունգարացիների, ռումինացիների եւ մնացածի կողմից»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Տրանսիլվանիայի հայկական համայնքը նույնիսկ հայկականության տոն ունի։

«Մեծ պահքից հետո նշում են Գ.Լուսավորիչի տոնը, որը կերակուրների պատրաստմամբ է բացվում։ Ամբողջ համայնքով հավաքվում են, եւ մեծ խոհանոցային տոնածիսական արարողություն է տեղի ունենում։ Սա խոսում է այն մասին, որ խոհանոցի միջոցով ազգային ինքնության պահպանումը մեծ հետք է թողել ավելի շատ ոչ թե Հայաստանում, այլ Սփյուռքում»,- ասաց ազգագրագետը։