Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանին վաշխառության մեջ մեղադրող Սիրանույշ Չփլախյանը եւ նրա մայրը` Սվետլանա Ներսիսյանը, 2011թ.մարտի 11-ին նոտարական կարգով հաստատված առքուվաճառքի պայմանագրով Պլուզյանի մորաքրոջ տղային են վաճառել իրենց՝ Գաջեգործների 2-րդ փողոցում գտնվող սեփական տունը, որի վաճառքից ստացած գումարը Չփլախյանը տվել է իր ընկերուհի Զինա Մելիքյանին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կառավարության աշխատակցի մորաքրոջ տղայի՝ Հրայր Բաբայանի փաստաբան Լիանա Գրիգորյանը:
Փաստաբանը նշեց, որ Զինան եւ Սիրանույշը միասին են ապրում, դատական բոլոր նիստերին Զինա Մելիքյանը ներկա է եղել։
«Նույնիսկ մի անգամ մոտեցավ ինձ, ասեց՝ ոչինչ էլի, դեմը ձմեռ ա, մի բան արեք, էդ մարդիկ իմ պատճառով են դրսում հայտնվելու», - մանրամասնեց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով` Ս.Ներսիսյանը եւ Ս.Չփլախյանը Հրայր Բաբայանին խնդրել են իրենց 2 ամիս ժամանակ տրամադրել տունը ազատելու համար, ինչի շուրջ վերջինները համաձայնության են եկել, սակայն տարբեր պատճառաբանություններով չեն լքել տունը, ինչից հետո Հրայր Բաբայանը վտարման պահանջով դիմել է դատարան:
Նունե Պլուզյանը բացառեց, որ ինքն է տունը մորաքրոջ տղայի անունով գրանցել, որպեսզի խուսափի հետագա քաշքշուկներից։
«Այդ տունն ինձ պետք չէ։ Նույն թաղամասում ես էլ տուն ունեմ։ Եղբայրս որոշեց իմ տան մոտ տուն գտնել, որպեսզի իրար մոտ ապրենք: Միակ հարազատս է, ուզում էինք, որ մեր երեխաները միասին մեծանան: Երբ ամեն ինչ երկարեց, ասեց՝ Նուն ջան, խնդրում եմ, ես չեմ ուզում կանանց հետ գլուխ դնել, զբաղվի էդ հարցով: Մի քանի անգամ գնացել եմ իրենց տուն, նույնիսկ մարդկային շփում էլ է եղել, բայց հետո ամեն ինչ հասավ շանտաժների»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նունե Պլուզյանը:
Սիրանուշ Չփլախյանի փաստաբան Հակոբ Սաֆարյանը առաջարկել է հաշտության համաձայնագիր ստորագրել, որով Չփլախյանը իրավունք էր ստանում մինչեւ 2014թ. մայիսի 1-ը անարգել բնակվել Գաջեգործների 2-րդ փողոցի 5-րդ տանը, իսկ պարտավորությունը չկատարելու դեպքում, այն կկատարվեր հարկադիր կարգով` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից:
«Նախագահող դատավորը հորդորեց պաշտպաններիս, որպեսզի մեր պաշտպանյալներն իրենք ստորագրեն համաձայնագիրը՝ հետագայում փաստի առաջ չկանգնելու համար: Հրայրն ու Սիրանույշն են հենց ստորագրել»,- ասաց փաստաբանը:
Սակայն դատաքննության ընթացքում պատասխանող կողմը քրեական գործ է հարուցել Նունե Պլուզյանի դեմ` վաշխառությամբ զբաղվելու մեղադրանքով: Գործը կասեցվել է բավարար ապացույցներ չունենալու պատճառաբանությամբ:
Պատասխանող կողմը պնդում է, որ դատական բոլոր մարմինների որոշումների վրա ազդել է կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը: Պլուզյանը հերքում է այս պնդումները։
Փաստաբան Լիանա Գրիգորյանի խոսքով՝ սա Սիրանույշ Չփլախյանի եւ Զինա Մելիքյանի մանսակցությամբ խարդախության առաջին դեպքը չէ։ Նրանք ներգրավված են դատական մի քանի գործերում։
Հիշեցնենք, որ Երեւանի Էրեբունի համայնքի բնակչուհի Սիրանույշ Չփլախյանը նոյեմբերի 27-ին, Կառավարության մոտ էր գնացել՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու պահանջով: Ըստ Սիրանույշ Չփլախյանի՝ ինքը Նունե Պլուզյանից տոկոսով գումար է վերցրել՝ գրավադրելով իր տունը, կատարել է ամսական վճարումները, սակայն Պլուզյան այժմ հրաժարվում է վերադարձնել տունը։




























