Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում է հանրային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հանրային քննարկումը կանցկացվի «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» խորագրի ներքո: Հանրային քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ):
Եվրոպական Միության տեսանկյունից մարդու իրավունքները համընդհանուր եւ անբաժանելի են, եւ ԵՄ-ն ակտիվորեն խթանում եւ պաշտպանում է դրանք ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ գործընկեր երկրներում, ինչպիսին Հայաստանն է: 2014թ.-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացվում է «Դադարեցնենք բռնությունը կանանց եւ աղջիկների նկատմամբ հենց հիմա» կարգախոսի ներքո, եւ հանրային քննարկումը կնշանավորի կանանց իրավունքերի կարեւորությունը եւ կընձեռի գենդերային հավասարության եւ կանանց դեմ բռնության վերաբերյալ բաց քննարկում ունենալու հնարավորություն:
Բացի այդ, նոյեմբերի 25-ին՝ Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օրը, Եվրամիությունը միացել է «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» միջազգային քարոզարշավին: 16 օր շարունակ Եվրոպական միության բոլոր պատվիրակություններն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում նպաստել են կայուն զարգացման տեսնակյունից կնոջ դերի կարեւորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ հանդես են եկել գենդերային բռնությունը վերացնելու կոչով:
Եվրոպական միությունը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք նվիրված են որոշումների կայացման գործընթացում կանանց դերի խթանմանը, ինչպես նաեւ ընտանեկան եւ գենդերային բռնությունը նվազեցմանը:
Հանրային քննարկմանը կմասնակցեն Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը, ներկայացուցիչներ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակների, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակներից, ինչպես նաեւ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ:
«Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Մեծ Բրիտանիայում ՄԱԿ-ի կանանց ազգային խորհուրդի ներկայացուցիչ Տուուլա Նիիմինեն:




























