Ես երբեք չեմ ուղղորդել ինձ որեւէ դերակատարում ունենալու, բայց սա մեծ հաճույք էր, որովհետեւ սա իմ մթնոլորտն է, իմ մասնագիտությունն է եւ իմ ամբողջ կյանքի ծրագրված մոտեցումների իրականացումը կփորձեմ ավելի արագացնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր՝ մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հարցին, թե կհրաժարվի՞ ԱԺ նախագահի պաշտոնից հանուն այդ ծրագրերի իրականացման, Սահակյանը սրտնեղել է. «Գիտեք, ես կուզեի գեղեցիկ, հաճելի հարցեր տայիք, կհրաժարվեք, չէիք հրաժարվի...»:

Արդյոք, այդպիսով ՀՀԿ-ն իր անմիջական ազդեցության տակ չի առնում բուհերը, քանի որ բոլորի կառավարման խորհրդի նախագահները ՀՀԿ-ական են, դիտարկմանն էլ արձագանքել է. «Իշխանությունն իրականացնում են իշխանությունները, կուսակցությունները այլ խնդիր ունեն, իշխանությունները՝ այլ: Իշխող կուսակցությունը իշխանություն չի, որ իշխի բուհերի վրա, իշխանությունը քաղաքականություն է մշակում»:

Հարցին, թե ինչպե՞ս էր ստացվել, որ քվեարկությունից առաջ արդեն բուհի ուսանողներն ու դասախոսները գիտեին, որ ինքն է լինելու խորհրդի նախագահը, Սահակյանը դա վերագրել է բուհի ադմինիստրացիայի պահանջմունքին. «Կարծում եմ դա բուհի ադմինիստրացիայի պահանջմունքն է եղել: Բնակական չի՞, որ դա քննարկվում է նաեւ բուհի ներքին կյանքում, եթե քվեարկություն չկա, տեղը թափուր է, քննարկում պիտի չարվի՞»:

Գալուստ Սահակյանը բարձրաստիճան պաշտոնյաների անհրաժեշտությունը բուհում պայմանավորել է վերահսկողության հանգմանքով. «Առաջին հերթին վերահսկողություն պիտի արվի»: