Դերասան Վարդան Պետրոսյանի մանակցությամբ վթարից հետո դեկտեմբերի 31-ին կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննության ժամանակ խախտվել են Վարդան Պետրոսյանի իրավունքները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեցին դերասանի պաշտպանները, որոնք անարդարացի են համարում  կրկնակի հանձնաժողովային և համալիր դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին իրենց միջնորդրության մերժումը:

Պաշտպան Սամվել Ջաղինյանը դատավորին հիշեցրեց, որ միջնորդության ներկայացման ժամանակ, ինքը խնդրել էր  ուշադրություն դարձնել այն հանգանքի վրա, որ վթարից հետո նշանակված դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին Վարդան Պետրոսյանին չեն տեղեկացրել եւ չեն ծանուցել:

«Պաշտպանական կողմը գտնում է, որ այդտեղ լուրջ խախտում կա:Այդ խախտումը պաշտպանական կողմը փորձ կատարեց վերականգնել նոր փորձաքննություն նշանակելու միջոցով, ինչը մերժվեց : Բայց ամբաստանյալը իրավունք ունի կայացված փորձաքննության որոշման վերաբերյալ իր դիրքորոշումն ունենալու, հարցեր տալու,  սակայն այդ իրավունքից նա զրկվել է նախաքննության փուլում»,- նշեց Սամվել Ջաղինյանը:

Դատախազը, արձագանքելով նախաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանի իրավունքի խախտման վերաբերյալ հայտարարությանը, ասաց, որեւէ խախտում տեղի չի ունեցել:

«Փորձաքննությունը նշանակվել է 2013թ. դեկտեմբերի 31-ին, նշված օրվա դրությամբ Վարդան Պետրոսյանը ունեցել է վկայի կարգավիճակ: Նրան որոշումը տրամադրվել է այն ժամանակ, երբ  նա ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ»,- ասաց դատախազ Արթուր Սարգսյանը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հակադարձեց, ասելով, որ կա Վճռաբեկ  դատարանի կողմից նախադեպային որոշում , ըստ որի` եթե անձի նկատմամբ հետապնդում է իրականցվում, ապա նա փաստացի կասկածյալ է համարվում:

Վարդան Պետրոսյանի  փաստաբանը նկատեց նաեւ, որ Վարդան Պետրոսյանը մեղադրյալի կարգավիճակ է ձեռք բերել նոյեմբերի 5-ին,  բայց  փորձաքննություն նշանակելու մասին որոշումը նրան տրամադրել են մի քանի օր անց, երբ փորձաքննությունն արդեն ավարտված էր:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ պաշտպանական կողմի քայլը անվանեց ձեւական, ըստ նրա, պաշտպանական կողմը կարող էր կրկնակի փորձաքննություն նշանակելու պահանջ ներկայացել նախաքննության ժամանակ:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրուցում Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ իրենք նախապես ծրագրավորել էին նման միջնորդություն ներկայացնել դատարոնւմ, որպեսզի դրան ներկա լինեն բոլորը, այդ թվում՝ լրագրողները:

«Պլանավորում էինք, որ  մեքենան Վարդան Պետրոսյանի կբարձրացնեն ու կերեւա ավտոմեքենայի տակ եղած հետքեր, որոնք կվկայեին,որ կողասահք է եղել»:

Նշենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց, կողմերն անցան վիճաբանության փուլին: Դեկտեմբերի 17-ին դատախազն կներկայացնի իր մեղադրական ճառը :

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։