ՀՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունը ստանձնած մի շարք հասարակական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց իրավունքներն ու խնդիրները:
Հանդիպման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող թեմաները, սկսած Երեւանում եւ մարզերում մարզամշակութային եւ կրթական օբյեկտներում մատչելի թեքահարթակների առկայությունից, ավարտած՝ շենքի ներքին հատվածներում՝ սանհանգույցների, դռների լուծումներով եւ այլն, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված լինել-չլինելուց: Ներկաները նախարարի ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն խորհրդային շրջանում կառուցված, այլ նաեւ՝ նորակառույց շենքերին, վերջին շրջանում կառուցված վերգետնյա եւ ստորգետնյա անցումներին:
Քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ թեպետ այս ոլորտի օրենսդրական դաշտն ամբողջությամբ կարգավորված է, սակայն իրականում հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք ամեն քայլափոխի հանդիպում են խոչընդոտների:
ՀՀ քաղաքաշինության նախարարը, կարեւորելով հանդիպումը, լսելով բարձրացված հարցերը, կիսելով հ/կ-ների ներկայացուցիչների մտահոգությունները, պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ օժանդակել՝բարձրաձայնված խնդիրների հիմնարար լուծմանը, որի արդյունքում միայն կձեւավորվի հասարակության բոլոր անդամների համար մատչելի միջավայր:
Հանդիպման ավարտին որոշվել է համատեղ ծրագիր մշակել, որում նախանշված կլինեն բարձրացված խնդիրները եւ դրանց իրականացման ժամկետները:




























