Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի համար կանխատեսելի է, թե  դատախազ Արթուր Սարգսյանը դեկտեմբերի 17-ին  կայանալիք դատական նիստին  քանի տարի ազատազրկում կպահանջի Վարդան Պետրոսյանի համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, պատասխանելով NEWS.am-ի հարցին, ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով, դատախազը կպահանջի 6-7 տարվա ազատազրկում:

Ինչ վերաբերում է Ռուբեն Բալոյանի այն հայտարարությանը, որ ինքը տուժող կողմին խնդրել է հաշտության գնալ, Նիկոլայ Բաղդասարյանը դա համարում է փիառ քայլ:

«Պարոն Բալոյանի ասածի մեջ ոչ մի անկեղծություն չկար: Դա ուղղակի փիառ գործիք էր, որպեսզի հասարակությանը ուշադրությունը շեղի կրկնակի հանձնաժողովային և համալիր դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժելու որոշումից: Ինչպես գիտեք, 16 հազար մարդ ստորագրություն էր տվել, որ նոր փորձաքննություն նշանակվի: Բալոյանը ասեց` ես գնացել, խնդրել եմ, որ հաշտվեն: Իրար մեջ իրենք ոչ մի վեճ չունեն հաշտվելու հետ կապված, հնարավոր չէ՝ խնդրելու կարիք լինի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։