NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում տեսաբան Նիլ Բաքլիի՝ «Financial Times»-ում հրապարակված հոդվածը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման առաջին ժամկետներին՝ 2000-2008 թվականներին, նավթի գների աճը նրան թույլ տվեց կառավարել իր ժողովրդի չգրված համաձայնությանը համապատասխան. զոհաբերեք ձեր ժողովրդավարական ազատությունների մի մասը, եւ մենք կենսամակարդակի աճ կապահովենք:
2012 թվականին երրորդ ժամկետով վերադառնալուց հետո Ռուսաստանի տնտեսության ոչ բարգավաճ ժամանակներում Պուտինն առաջարկեց նոր՝ ոչ ակնհայտ համաձայնագիր, որը կառուցված էր այս տարի Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայում ռազմական ներխուժման շուրջ. հրաժարվեք ավելի շատ ազատություններից, եւ մենք կրկին Ռուսաստանը հզոր գերտերություն կսարքենք:
Ամեն դեպքում, բացարձակապես պարզ չէ, արդյո՞ք այդ նոր գործարքը նույնքան ամուր կամ հաջող կլինի, ինչպես նախկինը: Հիմա դա փորձարկում է անցնում իսկական տնտեսական փոթորկով, որը սպառնում է հողին հավասարեցնել Պուտինի սկզբնական ժողովրդականության շրջանի կենսամակարդակի աճը: Ուկրաինայի հետ կապված արեւմտյան պատժամիջոցները՝ համադրված նավթի գների անսպասելի գլոբալ անկման հետ, հանգեցրին ռուբլու փոխարժեքի կտրուկ անկմանը, ինչպես նաեւ մեծացող գնաճին:
Եվ այսպես, կարո՞ղ են, արդյոք, ռուսաստանցիները, հետեւելով իրենց արժույթի անկմանը, դեմ կանգնել իրենց նախագահին: Տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցեւն այս շաբաթ իր բլոգում գրել է, որ չնայած իր հայրենակիցները «սովորել են ազատությունը բարեկեցությանը զոհաբերելուն, քչերը պատրաստ կլինեն բարեկեցությունը դեմագոգիային զոհաբերելուն»: Ներկայում հիմք կա ենթադրելու, որ Պուտինի Կրեմլը կարող է փոթորկի ենթարկվել: Չնայած Մոսկվայի լիբերալ շրջանակները կոչ են անում Ուկրաինայի հանդեպ ավելի մեղմ գիծ վարել, վերնախաղում լուրջ տարանջատման ոչ մի նախանշան չկա:
Երբ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը երեքշաբթի վերանայեց հաջորդ տարվա իր տնտեսական կանխատեսումները՝ 1.2% աճից մինչեւ 0.8% անկում, այն նաեւ կանխատեսեց, որ ռուսական ընտանիքները կարող են բախվել 2.8%-ի չափով եկամտի նվազման: Նման բան նախկինում Պուտինի ժամանակաշրջանում երբեք չի եղել, նույնիսկ 2009 թվականին, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց երկրի տնտեսության գրեթե 8% կրճատման: Իրական եկամուտների անկումը կարող է հատկապես ծանր հարվածել տարածաշրջաններում աշխատավոր դասի ընտանիքներին, որոնք Պուտինի գլխավոր հենարանն են եղել:
Ներկայում գրեթե չկան նախանշաններ, որ նման պատկերացումները փոխում են նախագահի մտածողությունը: Երբ տարեսկզբի նրա ռազմական ավանտյուրաները ժողովրդականություն վայելեցին, գոյություն ունի վտանգ, որ Ռուսաստանում տնտեսական խնդիրները Պուտինին կդրդեն ոչ թե մեղմացնել Արեւմուտքի հետ առճակատումը, այլեւ սրել այն:




























