NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Նիք Օթենսի՝ «Atlantic Sentinel» կայքում հրապարակված հոդվածը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարեցին երկու երկրների միջեւ էներգետիկ ոլորտում հարաբերությունների ընդլայնման մասին: Ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են խնդրահարույց լինել, սակայն գործընկերության հեռանկարները ռազմավարական վտանգ են ներկայացնում Արեւմուտքի համար:
Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ հաջորդ տարի Թուրքիային գազի ներմուծման 6%-անոց զեղչ կտրամադրի: Նա նաեւ հայտարարեց «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելու մասին, որով ռուսական գազը Սեւ ծովի հատակով պետք է մատակարարվեր Եվրոպային, ինչպես նաեւ ասաց, որ փոխարենը գազատարն ուղղվելու է դեպի Թուրքիա:
Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը, բացի էներգետիկ անվտանգությունից, սպառնալիք է Եվրոպայի համար: Որպես ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան խարիսխ՝ Թուրքիան Սեւ ծովում ռուսական հավակնությունների ստուգման համար է ծառայում: Ամեն ինչից զատ՝ նա Կովկասի արեւմտամետ պետություններին, հիմնականում՝ Վրաստանին եւ ավելի պակաս չափով՝ Ադրբեջանին, թույլ է տալիս խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ:
Ռուս-թուրքական կոալիցիան, ընդհակառակը, Ռուսաստանին թույլ կտա գերիշխել ինչպես Սեւ ծովում, այնպես էլ Կովկասում: Ազգային անվտանգության հարցերով ամերիկյան նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին նման հնարավորության մասին առնվազն 15 տարի առաջ զգուշացնում էր «Շախմատի մեծ տախտակ. Ամերիկայի տիրապետությունն ու նրա ռազմավարական հրամայականները» վերնագրով հոդվածում: «Թուրքիայի էվոլյուցիան եւ կողմնորոշումը, ամենայն հավանականությամբ, վճռորոշ նշանակություն կունենան կովկասյան պետությունների ապագայի համար»,- կանխատեսել էր նա:




























