Չկա մի ապացույց, որը կփաստի, որ «Բանդայի» գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը բանդա է ղեկավարել, նրա մեղքը դատաքննությամբ չի հիմնավորվել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը դատախազ Սասուն Խաչատրյանի  մեղադրական ճառից հետո, երբ նա դատարանից պահանջեց Արտուշ Հակոբյանին 15 տարվա ազատազրկման դատապարտել:

«Այստեղ 15 տարի երկրորդական նշանակություն ունի,  նախ առաջինը պետք է հիմնավորված եւ ապացուցված լինի մեղքը: Ես իմ ամբաստանյալի մասով կասեմ՝ գոյություն չունի այդպիսի ապացույց, որտեղի՞ց վերցրեց մեղադրողը: Մեղադրական եզրակացություն չէր սա, ուղղված էր պաշտպանական կողմին՝ անընդհատ ռեպլիկի կարգով, վիրավորանքներ»,- ասաց փաստաբանը:

Հովիկ Արսենյանի խոսքով՝ քրեական գործում առկա են օրենքի կոպիտ խախտումներ: Խախտումներից մեկը փաստաբանը համարում է այն, որ  նախաքննության ժամանակ կենդանի ճանաչում տեղի չի ունեցել, ճանաչման ներկայացված լուսանկարներն էլ եղել են տարբեր չափերի եւ ձեւի.

 «Օրենքն ասում է՝ ճանաչումն ինչպես են կազմակերպում: Բայց օրենքի պահանջն արդյոք պահպանվե՞լ է, եւ ի՞նչ բարոյական իրավական հիմքերով է,  որ հանկարծ ճանաչումը լուսանկարով նա ընդունեց հիմք. չէ՞ որ դա անթույլատրելի պետք է ճանաչվեր, դա օրենքի կոպիտ խախտումով է կատարվել: Մեղադրական ճառը սկսվեց հետեւյալով, որ այս քրեական գործը շարքային գործ չէ, հասարակական մեծ հնչեղություն ունի, բա որ այդպես է, ուրեմն գիտեք, որ շարքային խախտումներ չեն կատարվել. էական խախտումներ են կատարվել»,- ասաց Հովիկ Արսենյանը:

Նշենք, որ ճանաչման ներկայացված Արտուշ Հակոբյանի լուսանկարը եղել է գունավոր, մյուսներինը՝ անգույն:

 Փաստաբանի խոսքով՝ մեղադրողն իր ճառում հաշվի չի առել իրենց ներկայացրած այն ապացույցները, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տան վրա ավազակային հարձակման օրը Արտուշ Հակոբյանը եղել է այլ վայրում. «Օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը, Նապոլեոն Ազիզյանի բնակարանի հետ կապված, Արտուշ Հակոբյանը, այնուամենայնիվ, ալիբի ներկայացրեց, վկաները եկան, ցուցմունք տվեցին, որ ում ծննդյան օրն է եղել, սակայն կարծես հաշվի չառավ: Եթե այդպես է, այդ մարդկանց հրավիրեք, գան, քրեական գործ հարուցեք նրանց վրա»:

Փաստաբանը կարծում է, որ պատահական չէ նաեւ այն, որ զննության արձանագրության մեջ չի նշվել նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին պատկանող Sony ֆոտոխցիկի գործարանային համարը, որը, ըստ մեղադրական եզրակացության, հայտնաբերվել է ամբաստանյալի մեքենայում:

 «Ինչո՞ւ հայտնաբերված ֆոտոխցիկի համարը չի նշվել, պատահականությո՞ւն է դա: Դա 70-ական թվականների ոճն է, երբ որ մի տեղից վերցնում էին, արտասահմանյան օճառ կամ կրծքանշան գցում ճանաչման ենթակա գույքերի մեջ, եւ տուժողը ճանաչում էր՝ այ իմ կրծքանշանն է, Կրասնոյարսկում մրցումների էի գնացել, այնտեղից էի բերել: Նույն մեխանիզմ է ձեռից վերցրել են, գցել»:

Հովիկ Ասրյանը մեղադրողի՝ Արտուշ Հակոբյանին առաջադրված՝թմրանյութ պահելու մեղադրանքից հրաժարվելն անվանեց «աչքակապություն»: 

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։