Ամերիկացի բլոգերները հայտնել են աֆղանցի թալիբների առաջնորդ մոլլա Օմարի ձերբակալության մասին։ Համաձայն տեղեկությունների՝ Օմարը ձերբակալվել է դեռեւս այս տարվա մարտին, Պակիստանի Կարաչի քաղաքում։ Ինչպես հայտնում է TheNews.com.pk-ն, Բրեդ անունով մի բլոգեր գրել է, որ մոլլա Օմարը ձերբակալվել է մարտի 27-ին։
Պակիստանյան իշխանությունները եւ Պենտագոնը չեն հաստատել այս տեղեկությունը։
Մոլլա Մոհամադ Օմարը «Թալիբան» շարժման հիմնադիրն է եւ ղեկավարը։ Ինչպես հայտնում է РБК-ն, Օմարը խուսափում է ժողովրդականությունից, ոչ մահմեդական աշխարհի ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի ներկայացուցչի եւ Պակիստանում Չինաստանի դեսպանի հետ հանդիպել է ընդամենը երկու անգամ։ Վերջիններս փորձել են համոզել նրան մատնել Ուսամա բեն Լադենին։ Թալիբների առաջնորդը հրաժարվել է անել դա։



























