Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերջերս նշանակված պետ Արմեն Հայրապետյանը («Սամսունգի Արմենը») կադրային ջարդ է անում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝  պաշտոնին նշանակվելուն պես նա մի շարք աշխատակիցների հասկացրել է, որ չի ցանկանում աշխատել նրանց հետ: Այսպես, աշխատանքից ազատվել է սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ, ծառայության պետի խորհրդականը: Արձակուրդից չի վերադառնա նաեւ ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, ում եւս նոր պետը հասկացրել է, որ չի ցանկանում աշխատել նրա հետ:

Արմեն Հայրապետյանը յուրայինների շրջանում ի սկզբանե հայտարարել է, թե կադրային փոփոխություններ է անելու, վաղ թե ուշ բերելու է իր թիմը: Քարտուղահարուց եւ օգնականից բացի՝ նա  ծառայություն է բերել նաեւ մեկ այլ յուրայինի: Նախկին աշխատավայրից՝ Սփյուռքի նախարարությունից  Արթուր Դումանյանին՝ նախկին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդուն,  նա բերել է ծառայության աշխատակազմի ղեկավար տեղակալ: ՍԱՊԾ-ի աշխատակազմի ղեկավար-տեղակալը աշխատանքի է անցել արդարադատության նախարարությունում՝ որպես խորհրդական: