Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ 2013թ.-ի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը պատրաստվում է դեկտեմբերի 17-ին նոր հայց ներկայացնել դերասանի դեմ:

«Քննարկման փուլում է, հայց ենք ներկայացնելու, բայց փակագծերը չեմ ցանկանում բացել: Ամեն դեպքում սահմանափակ հայց է լինելու, մի քանի պահանջ ենք ներկայացնելու, դրանցից մեկը վերաբերվում է վթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանի բուժմանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:

Բալոյանի խոսքով՝ ինքը հայցը ներկայացնելու է մեղադրական ճառից առաջ: Մեր հարցին, թե իր կարծիքով ինչքան կպահանջի մեղադրող դատախազը Վարդան Պետրոսյանի համար, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց հաշվի կառնի Վարդան Պետրոսյանի՝ սիրված դերասան լինելը»:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Բալոյանը հայտնել էր, որ եթե կողմերը հաշտվեն, ինքը հայց չի ներկայացնի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։ Նշենք, որ դեկտեմբերի 6-ին դատաքննությունն ավարտվեց: