Դեմ եմ, որ Գալուստ Սահակյանը լինի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ, նախագահը լինի Մայր բուհի խորհրդի նախագահը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

Նա նշեց, որ պաշտոնյաները չպետք է ընտրվեն խորհրդի նախագահ: «Ես տարիներ շարունակ թե ԱԺ-ում, թե որպես կրթության փորձագետ, այն համոզման եմ, որ երկրում կառավարման ապաքաղաքականացված համակարգը կշտկի կրթության ոլորտը: Այս քաղաքականացված  գործունեությունը, որը ծավալում է ՀՀԿ-ն, հակառակ է գործող օրենքներին՝ թե «Կրթության մասին», թե «Հանրակրթության» մասին օրենքներին, դրանցով արգելվում է քարոզչությունը ուսումնական հաստատություններում: Փաստը, որ բոլոր պաշտոնյաները այդ պաշտոնների հետ միաժամանակ բոլոր բուհերի խորհուրդների նախագահների պաշտոնում են ընտրվում միաձայն, առանց ընտրության հնարավորության եւ բաց քվեարկության, հաճոյանալով այդ պաշտոնյային՝ խորհուրդը կողմ է քվեարկում, այս ընտրության ձեւը ուղիղ ուղղահայաց վերեւից ներքեւ իջնում է հասարակության բոլոր խավերի վրա ու նպաստում, որ քաղաքական ընտրությունները լինեն այս սկզբունքով՝ ունենք մեկ թեկնածու, ձեւական քվեարկում ենք, մեր թեկնածուն պետք է անցնի, սովետական, բոլշեւիկյան ընտրություններից ոչնչով չի տարբերվում: Այո, ես դեմ եմ, որ Գալուստ Սահակյանը լինի ՀՊՄՀ նախագահ, նախագահը՝ մայր բուհինը, այդ ընտրություններով ձեւավորում են Հայաստանում ընտրության համակարգը»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Բացի դրանից՝ նա շեշտեց, որ նման բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է զբաղվեն իրենց հիմնական աշխատանքով, իսկ բուհերի խորհուրդներում պետք է լինեն մասնագետներ, որոնք պետք է նստեն, խելք խելքի տան, մտածեն, թե ինչպես բարելավեն կրթության որակը: «Այ նախագահ, այ վարչապետ, այ ԱԺ նախագահ, դուք բանուգործ չունե˚ք, երկրի ամբողջ կառավարման համակարգի խնդիրները, որոնք իբրեւ թե կրում եք ձեր ուսերին, դրան ավելացրած որեւէ բուհի խորհրդի նախագահ եք դառնում՝ առանց խորանալու բուհի խորհրդի մեջ, առանց մասնագետ լինելու, առանց կարդալու այդ բուհի հաշվետվությունը»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցած նիստում առաջադրված միակ թեկնածուն ԱԺ նախագահն է եղել: Բոլորը կողմ են քվեարկել՝ բացի  Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանից, որը միակ դեմ քվեարկողն է եղել:

Նշենք, որ մինչեւ այդ խորհրդի նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: