Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաները շաբաթական առնվազն մեկ անգամ երշիկ եւ նրբերշիկ են կերել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, հայտարարեց Եղվարդից հեռուստալրագրող Անահիտ Մուշեղյանը:
«Մանկապարտեզի աշխատողները տարիներ շարունակ պահածոներ են պատրաստում, որը հետո իրացնում են հենց այս մանկապարտեզում: Ես զարմանում եմ, թե ինչպես մինչեւ այսօր այդ երեխաները չեն հիվանդացել բոտուլիզմով: Ինքս այս մանկապարտեզի խախտումները դեռ հինգ տարի առաջ եմ բարձրացրել, բայց անօգուտ»,- ասաց Անահիտ Մուշեղյանը:
Նրա խոսքով` մանկապարտեզը մեկ շաբաթ անց կբացվի եւ ամեն ինչ այդպես էլ կավարտվի:
«Կկանչեն ծնողներին, կասենք, որ անլվա ձեռքերով մի բերեք ձեր երեխաներին դպրոց ու վերջ, ամեն ինչ կավարտվի: Նույնիսկ կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ արձագանք չեղավ»,- նշեց Անահիտ Մուշեղյանը` ավելացնելով, որ ոչ ոք նույնիսկ նկատողություն չի ստացել:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան, ավելի քան 70 երեխա էր թունավորվել: Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը:




























