NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Е Се-ի թղթակիցների եւ Քրիշտոֆ Համոնիկոլասի՝ «Bloomberg Businessweek»-ում հրապարակված հոդվածը:

Ռուսական արժույթի եւ արժեթղթերի անկումը տարածվում է նախկին խորհրդային հանրապետություններում: Արժույթի փոխարժեքներն ընկնում են, չնայած մինչ այդ դիմակայում էին, այն ժամանակից, երբ մարտին նախագահ Վլադիմիր Պուտինը բռնակցեց Ղրիմը: Վերջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստանում խորացող ճգնաժամը եւ ռուբլու 34 տոկոսանոց անկումը հարված հասցրեցին տնտեսություններին, որոնք ապավինում են դրամական փոխանցումներին եւ արտահանմանը:

Վրացական լարին անցյալ շաբաթ դոլարի հանդեպ 10% է կորցրել՝ գերազանցելով ռուբլու հանդեպ 6.5%-ի անկման մակարդակը եւ դառնալով «Bloomberg»-ի դիտարկած 169 արժույթների մեջ ամենապարտվածը: Հայկական դրամի փոխարժեքն ընկավ 2.8%-ով. ամենաերկարատեւ անկումը 2010 թվականի մարտից:

«Ռուսական ռուբլու թուլացումը սկսում է ազդակներ ուղարկել ամբողջ տարածաշրջանին»,- նշում է Լոնդոնի «Standard Bank»-ի տնտեսագետ Թիմոթի Էշը: Նրա խոսքով, Ղազախստանը կարող է դառնալ հաջորդ երկիրը, որը կհանձնվի եւ իր արժույթին թույլ կտա ընկնել, մինչ նավթի գներն ընկնում են եւ ռուբլին թուլանում է, եթե անգամ քաղաքական գործիչները խոստանում են խուսափել արժեզրկումից:

Տնտեսագետի խոսքով, իրենց արժույթը պահելու երկրների ունակությունը սահմանափակ է: Հայաստանի միջազգային պահուստները նոյեմբերին ընկան մինչեւ հնգամյա նվազագույնը՝ 1.5 մլրդ դոլար, իսկ Վրաստանի պահուստները կազմում են 2.4 մլրդ դոլար. դա բավարար է միայն շուրջ 3 ամսվա ներմուծման համար: