«Ժառանգություն» կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում անցկացրած տեղեկատվական հավաքով վանաձորցիներին համախմբվելու եւ պայքարելու կոչ արեց:
«Մենք եկել ենք ձեզ հարգելու, տեղեկատվական փոքր հավաք անելու, ասելու, որ մենք հետեւելու ենք մեր պայքարին, մենք բերելու ենք նոր Հայաստանը: Պայքարը շարունակվում է ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության համար: Մենք դրան կարող ենք հասնել միայն միասնական հրապարակով եւ հարթակով: Հավատացած եմ, որ մեր հաջորդ հավաքները կապահովեն այդ միասնությունը»,- հավաքին ներկա մի քանի տասնյակ վանաձորցիներին դիմեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն այժմ գրեթե ամեն հարցում ստում են այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, երբ ասում էին, թե գազի սակագինը չի բարձրանալու:
«Միայն Հայաստանում է, որ վարչապետը, այն էլ՝ օլիգարխ վարչապետը, կարող է ասել՝ գոտիները պիտի ձգենք: Իրենք գոտի չունեն արդեն, մեր գոտիները ձգելու մասին են խոսում: Գնաճի մասին խոսում են, ասում են՝ դե, պլանավորված թիրախում կլինի, ավելի չի լինի: Ինչքա՞ն պետք է սուտ խոսեն: Իրենց ասած գնաճն այն շքեղ ապրանքներին է վերաբերում, որի գնաճ չկա, դրանք չեն թանկանում: Սերժ Սարգսյանն ասում է՝ համաշխարհային պրոցես է, դոլարը դրա համար է թանկանում, համաշխարհային պրոցեսի մասնագետը ասում է՝ ԵՏՄ-ի հետ կապ ունի, ինքն ասում է՝ այդպես չի: Դա այն դեպքում, որ փաստարկվել է անգամ, թե ինչու է այդպես» ,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:




























