«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը՝ դեկտեմբերի 7-ին, կայցելի Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցի, ապա ծաղիկներ կդնի երկրաշարժից զոհվածների հուշարձանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Գյումրիում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Վաղը հատուկ օր է մեզ բոլորիս համար, մեծ երկրաշարժի 26-րդ տարելիցն է: Մենք եկել ենք համեստաբար, խոնարհ գլխով հիշելու մեր զոհերին, ասելու՝ այլեւս երբեք: Վաղը ես որպես ձեզանից մեկը կլինեմ «Յոթ վերքում» եւ ծաղիկներ կդնեմ զոհվածների հուշարձանին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա գյումրեցիներին հորդորեց շարունակել միասնության պահանջը, որպեսզի կարողանան միասին երկիրը դնել ճիշտ ուղու վրա:
«Սիրելի գյումրեցիներ, պատրաստվենք հատուցման պահին, ճշմարտության, բոլոր եղանակների պայքարին, որը բերելու է հաղթանակի»,- իր ելույթը եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչին գյումրեցիները արձագանքեցին, որ պատրաստ են:




























