Մեզ սպասում են ճակատագրական, բախտորոշ, արտահերթ մի քանի ամիսներ, որոնք ենթադրում են նոր լուծումներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Շիրակի մարզկենտրոն Գյումրիում անցկացրած տեղեկատվական հավաքից հետո:
«Դրա համար մենք կաշխատենք մեր գործընկերների հետ, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկը՝ լինի դա քաղաքական ուժ, թե շարքային քաղաքացի, ցանկանա ժամավաճառությամբ զբաղվել: Ժողովուրդը պետք է տեսնի, որ մի տարվա ընթացքում ինչ որ եղել է, պետք է արդյունքի բերվի: Մենք կոչ ենք արել մեր գործընկերներին, որ հրապարակային հստակեցումներ լինեն մինչեւ Նոր տարի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Եռյակը (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») ունի մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն, անհրաժեշտ է, որ Եռյակի ղեկավարները հանդիպեն, որոշեն ու ժողովրդին ներկայացնեն միացյալ օրակարգ:
«Եռյակն ունի մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն, որը ենթադրում է նաեւ քաղաքացիական ուժոերի ներառում, որոշումների մեխանիզմի հայտարարություն, եւ այն, թե որն է մեր նպատակը, որոնք են միջոցները: Կա երեք ուժերի շատ կառուցողական համագործակցություն, խորհրդարանում հատկապես, եւ եթե դա պիտի ունենա շարունակություն, ամբողջապես, հրապարակային շարունակություն, ուրեմն այդ հստակեցումները պետք է տեղի ունենան: Կարծում եմ, որ Եռյակն ունի հեռանկար»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ քաղաքական տարբեր ուժերի հետ:




























