Բրիտանիայի արքայազն Ուիլյամը՝ կնոջ՝ Քեմբրիջի հերցոգուհի Քեյթի հետ առաջին պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ առաջիկա երկուշաբթի նրանց կընդունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնել են Բուկինգհեմնայն պալատից:
«Ուիլյամն ու Քեյթը այսօր կժամանեն Նյու Յորք՝ «Քեմբրիջի հերցոգի ու հերցոգուհու եւ արքայազն Հարրիի արքայական հիմնադրամի ամերիկացի բարեկամներ» բարեգործական կազմակերպության հրավերով»,-նշել է բրիտանական թագավորական պալատի ներկայացուցիչը: Նա հայտնել է, որ զույգի 1,5 տարեկան փոքրիկը մնացել է Լոնդոնում:
Մեծ Բրիտանիայում Ուիլյամի այս այցելությանը մեծ նշանակություն են տալիս:
Իր հերթին Լոնդոնի The Times թերթը նշում է, որ Քեյթը, որը գտնվում է հղիության 5-րդ ամսում, ավելի թեթեւ գրաֆիկ է ունենալու: Մասնավորապես, նա Նյու Յորքից չի մեկնի Վաշինգթոն՝ Օբամայի հետ հանդիպման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արքայազն Ուիլյամը կայցելի բասկետբոլի խաղի, կընդունի ԱՄՆ-ում աշխատող բրիտանացի դերասաններին, կմասնակցի Համաշխարհային բանկի կոնֆերանսին՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին, հանդիպում կունենա Հիլարի Քլինթոնի հետ, կլինի Նյու Յորքի Հարլեմի շրջանում երեխաների օգնության կենտրոնում:
Այցելությունը կավարտվի Մետրոպոլիտեն թանգարանի ներսում հանդիսավոր ընթրիքով:




























