Վենեսուեալան վերլուծում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, համարելով, որ Բարաք Օբամայի կառավարությունը միջամտում է երկրի ներքին գործերին՝ նպատակ ունենալով վնաս հասցնել հարավամերիկյան այս պետությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատան միջամտությունն անհանդուրժելի է: Ցավալի է, որ Օբաման թույլ է տալիս, որ Վենեսուելայում իր սեփական դեսպանատունը գործի նման վտանգավոր ձեւերով»,-ասել է Մադուրոն, հաղորդում է Telesur հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ ինքն ապացույցներ ունի, որ ԱՄՆ դեսպանատունը միջամտում է իր երկրի ներքին գործերին: «Այդ միջամտության մասին տեղեկատվությունը բավարար է, որն արդեն անտանելի է դառնում»,-ընդգծել է Վենեսուելայի նախագահը՝ հավելելով, որ իր երկիրը բոլոր միջոցներով փորձում է նորմալացնել իր դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, սակայն բախվում է հակազդեցության, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: