Գյումրեցի Աբրահամյանների ընտանիքում 1988թ. երկրաշարժից  կորուստներ չեն եղել, փոխարենն ընտանիքը մեկ անդամով ավելացել է. ընտանիքի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը փլատալների տակից 3-ամյա տղայի է փրկել:

«Երկրաշարժից հրաշքով ենք փրկվել՝ ես, կինս ու ծնողներս: Կնոջս  ծնողներին ման կուգայինք, ամենքս մի փողոցով կերթայինք, երբ հասա տեքստիլի շենքի մոտ, լացի ձեն լսեցի. երեխա էր լաց լինում: Ձենի ուղղությունը գտա ու տեսա, որ շատ փոքր երեխա էր ընկած քարերի արանքում՝ ձեռքը ջարդած: Գրկեցի ու տարա: Մենք էդ ժամանակ երեխա չունեինք, բարեկամներս կսեին՝ գտնինք ում երեխեն է, ով է, բայց էդ ժամանակ անհնար բան էր գտնելը»,- NEWS.am-ին պատմեց Հովհաննես Աբրահամյանը:

Երկրաշարժից տունը կորցրած Աբրահամյանները տղային Նարեկ են անվանել, նրա հետ տարիներ շարունակ ապրել են ավտոտնակում: 5 տարի անց տղայի ծնողներն անսպասելի հայտնվել են: 

«Եղբորս հետ մի քանդած գարաժում հարմարվանք, էդ երեխեն էլ՝ հետներս, տարիները մի կերպ, յոլա գնալով անցան: 1993 թ. էր, ես արդեն իմ երեխան ունեցա, Նարեկն էլ 8 տարեկան էր: Ամառ էր, մի օր մեկը դուռը խփեց, կինս բացեց: Անծանոթ էին, ներկայացան՝ ովքեր էին, ու մենք մոլորվանք. Նարեկի ծնողներն էին»,-պատմեց Հովհաննես  Աբրահամյանը: 

8-ամյա տղային դժվարությամբ են համոզել գնալ իսկական ծնողների հետ ապրելու, Աբրահամյանները հետագայում նրա կնքահայրն ու կնքամայրն են դարձել:

«Մենք էդ ընտանիքի հետ մոտ ենք, Հայկը  այսքան տարիներ անց մեր տուն գնում գալիս է, մենք էլ իր ծնողների առաջարկով դարձանք իր կնքահայրն ու կնքամայրը»,-պատմեց  Հովհաննես Աբրահամյանը:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին առավոտյան ժամը 11:41 րոպեին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Այն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12 հազար 5 հարյուր մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ: