Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին, Փարիզում անցկացրել է եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պորհրդակցությանն անդրադարձ է եղել հունիսին Երեւանում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփեց 2014թ. կատարված աշխատանքները, նախօրեին Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները եւ համապատասխան հանձնարարականներ տվեց՝ հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում է եղել ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետեւանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը։
Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկել են արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։
Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների եւ կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարեւորությունը, անդրադարձ է արվել դեսպանությունների գործունեության՝ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում եւ դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։




























