Եգիպտական իշխանությունները 18-40 տարեկան քաղաքացիներին պարտավորեցրել են Թուրքիա գնալոց առաջ ստանալ երկրի անվտանգության ծառայությունների թույլտվությունը:
Երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Հանի Աբդուլ Լաթիֆը հայտարարել է, որ նման որոշման նպատակն է խափանել Թուրքիայով Սիրիա ներթափանցելու եւ այնտեղ խմբավորումների շարքերին միանալու եգիպտացիների փորձերը: Ըստ իշխանությունների՝ Սիրիայում եւ Իրաքում հաշվվում է մի քանի հարյուր եգիպտացի գրոհային, հայտնում է «Ասոշիեյթեդ Փրեսս» գործակալությունը:
Հաղորդվում է, որ 24 ժամվա ընթացքում Թուրքիա մեկնումն արգելվել է շուրջ 200 եգիպտացու:
Իշխանությունների նման քայլը նոր չէ, Եգիպտոսի քաղաքացիները նման թույլտվություն պետք է ստանան նաեւ Սիրիա, Իրաք եւ Հորդանան մեկնելուց առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























