Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, երկօրյա այցով Թուրքիա կժամանեն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով  եվրահանձնակատար Յոհանես Հանն ու հումանիտար օգնության եւ ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը: Եվրամիության պաշտոնյաները այցի ընթացքում կփորձեն թուրքական իշխանություններին համոզել չխախտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ռեժիմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին:

Գործակալությունը հաղորդում է, որ ծրագրվող այցի շրջանակներում ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները կփորձեն թուրքական իշխանությունների համոզել միանալ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին: Ծայրահեղ դեպքում եվրոպական պատվիրակությունը կփորձի համաձայնության գալ, որպեսզի Թուրքիան չչարաշահի ստեղծված իրավիճակը եւ լրացուցիչ օգուտներ չստանա՝ Ռուսաստանին մատակարարելով ապրանքներ, որոնց ներկրումն Եվրամիությունից արգելված է:

Բացի այդ, ԵՄ-ի ներկայացուցիչները այցի ընթացքում մտադիր են Թուրքիայի հետ քննարկել «Իսլամական պետության» եւ այլ արմատական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում Անկարայի  հետ համագործակցության հարցը: