Բռնության հարցերը կարգավորող գործող օրենքներում տուժածներին աջակցության տրամադրման անհրաժեշտ բաղադրիչներ չկան: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով՝ նա անձամբ է մասնակցել մի շարք միջոցառումների: «Սրանք հասարակության իրազեկության բարձրացմանն ուղղված կարեւոր քայլեր են: Ես ուրախ եմ, որ մեր դեսպանատունը մի շարք սոցիալական գովազդների շարքի պատրաստման շրջանակներում կարողացավ համագործակցել հայկական հեռուստաընկերությունների հետ: Այդ սոցիալական գովազդներում նաեւ նշվում են թեժ գծերի հեռախոսահամարներ,  որոնցով կարելի է զանգահարել ընտենական խնդիրների առկայության դեպքում», - նշեց Հեֆերնը:

Դեսպանը նաեւ նշեց, որ ոստիկանությունում ստեղծվել է կարեւոր ստորաբաժանում: «Եվ մենք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ աշխատել ենք նոր ստորաբաժանման հետ: Ստորաբաժանման 7 աշխատակիցներ ուղեւորվել են ԱՄՆ՝ այդ ոլորտում ամերիկացի ոստիկանների փորձառությանը ծանոթանալու նպատակով», - ասաց Ջոն Հեֆերնը՝ ընդգծելով ընտանեկան բռնության հարցերում բազմակողմանի մոտեցումների անհրաժեշտությունը: