Ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքների տասնյակը 2014թ. գլխավորում են Մինսկը, Կիեւը եւ Ալմաթին: Հաջորդում են Բաքուն, Երեւանը, Աստանան, Քիշնեւը, Տաշքենդը, Բիշքեկը եւ Բրեստը:
ԱՊՀ երկրներից ամենաշատն այցելում են Բելառուս, Ուկրաինա եւ Ղազախստան, հաջորդում են Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուզբեկստանը եւ Ղրղըզստանը:
Եթե Վրաստանը ԱՊՀ կազմում լիներ, Թբիլիսին ռուսաստանցիների համար ամենատարածված քաղաքների հնգյակում կլիներ:
ԱՊՀ ամենաթանկ քաղաքը Ղազախստանի մայրաքաղաք Աստանան է, ամենաէժանը՝ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկը: Աստանայում ռուսաստանցիները մեկ օր մնալու համար միջինը 194 դոլար են ծախսել, Բիշքեկում՝ 69: Զբոսաշրջիկները Երեւան են գալիս միջինը չորս օրով եւ հյուրանոցում մնալու համար օրական 107 դոլար վճարում:
Oktogo.ru-ի ինդեքսը կազմվել է ԱՊՀ երկրների հյուրանոցներում 2014թ. ռուսաստանցիների ամրագրած համարների հիման վրա:
Վիճակագրության համաձայն՝ 2014թ. ռուսաստանցիները ԱՊՀ երկրներ բոլոր այցերի 32%-ը կատարել են Բելառուս, Ուկրաինա՝ 21%-ը, Ղազախստան՝ 17%-ը, Հայաստան՝ 9%-ը, Ադրբեջան՝ 8%-ը, Մոլդովա՝ 7%-ը, Ուզբեկստան՝ 4%-ը եւ Ղրղըզստան՝2%-ը:



























