Դեկտեմբերի 5-ին հրապարկված «2014-2015թթ. աշխարհի աշխատավարձը» զեկույցում Աշխատանքի միջազգային կազմակերպությունը նշում է, որ աշխարհում միջին ամսական իրական աշխատավարձը նախորդ տարվա մակարդակի համեմատությամբ 2013թ. ավելացել է 2%-ով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Ռադիոյին:

Զարգացող երկրների խմբում իրական աշխատավարձի մակարդակը գրեթե չի փոխվել, իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում աշխատավարձի աճը կազմել է մոտ 6%:

Աշխատանքի միջազգային կազմակերպոեւթյան փորձագետները նշում են, որ տարբեր երկրներում աշխատավարձերի մակարդակի ճշգրիտ համեմատություն կատարելը դժվար է, սակայն ըստ գնողունակության պարամետրի կարելի է եզրակացնել, որ զարգացած պետություններում միջին աշխատավարձը կազում է մոտ 3000 դոլար, մինչդեռ զարգացող երկրներում այն գնահատվում է 1000 դոլար:

Համաշխարհային միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 1600 դոլար:

ԱՀԿ-ն փաստում է զարգացած երկրներում աշխատավարձերի շարժընթացի նկատմամբ աշխատանքի արտադրողականության աճի բարձրացման միտումների պահպանումը : Մասնավորապես, 1999-2013թթ. Գերմանիայում, Միացյալ Նահանգներում եւ Ճապոնիայում արտադրողականության աճը գերազանցել է աշխատավարձի աճը: Այդ երկու ցուցանիշների միջեւ խզումը հանգեցնում է ՀՆԱ-ում աշխատանքի մասնաբաժնի նվազեցմանը եւ կապիտալի ավելացմանը:

Ինչպես նշում է «Կոմերսանտը», այս միտումը նշանակում է, որ աշխատակիցները ավելի քիչ եկամուտ են ստանում տնտեսական աճից, իսկ կապիտալի սեփականատերերը առավել շահեկան դիրքերում են հայտնվում:

Նշենք, որ վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝  հունվար-հոկտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձը կազմել է 166,300 դրամ, որը այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 370 դոլար: