Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, որոշեց պայմանականորեն չկիրառել  խարդախության եւ պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող`Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներից 8-ի նկատմամբ սահմանված պատիժը:

Դատավոր Արշակ Վարդանյանը ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանին եւ Արմեն Խաչատրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 38-րդ հոդվածով (հանցակցություն)  եւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ ուրիշի գույքի հափշտակություն)՝ նրանց դատապարտելով 4 տարվա ազատազրկման: Հաշվարկելով նրանց՝ անազատության մեջ գտնվելու երկու տարուց ավելի ժամկետը, դատավորը վճռեց նրանց դատապարտել մոտ 1 տարի ազատազրկման եւ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան: Ամբաստանյալները դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:

Ամբաստանյալներ Սամվել Էլբակյանին եւ Հովհաննես Հովհաննիսյանին դատարանը դատապարտեց 4 տարի 6 ամիս ազատազրկման: Դատարանը որոշեց նրանց նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով մեկ տարվա փորձաշրջան:

Դատարանը մեկ տարի ժամկետով փորձաշրջան նշանակեց եւ պատիժը պայմանականորեն չկիրառեց նաեւ ամբաստանյալներ Սարգիս Սարգսյանի, Համլետ Մարտիրոսյանի եւ Հրանուշ Դանիելյանի նկատմամբ՝ նրանց 4 տարվա  ազատազրկման դատապարտելով:

Դատարանն ամբաստանյալ Արթուր Սուքիասյանին դատապարտեց 4 տարի 4 ամիս 10 օր ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ մեկ տարվա փորձաշրջան նշանակելով:

Ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գեւորգյանը,  Վահագն Խաչատրյանը մեղավոր ճանաչվեցին 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցագործության մեջ՝ դատապարտելով 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Հիշեցնենք, որ դատարանը Վազգեն Խաչիկյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար: