Ռուսաստանի վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը Մոսկվայի լուրջ մտահոգությունն է հարուցում: Դա Վաշինգտոնի տրամադրությունների բարոմետրն է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Բանաձեւը խորհրդատվական բնույթի է: Բայց դրա ուղղվածությունը, երանգը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- ասել է Ռյաբկովը:

«Ես ոչինչ չեմ բացառում, հնարավոր են հետագա բարդություններ: Մենք անում ենք առավելագույնը, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կայունանան, գտնվի խելամիտ, ամուր հիմք: Սակայն, ցավոք, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը այլ տրամադրությունների բարոմետր է: Մտահոգում է: Մենք ամենայն մանրամասնությամբ կվերլուծենք այս ամենը», – նշել է նա:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ձայների ճնշող մեծամասնությամբ Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձեւ է ընդունել՝ ուղղված հարեւան երկրների հանդեպ վերջինիս կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության դեմ: Բանաձեւի նախագիծը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 18 –ին եւ ընդունվել դեկտեմբերի 4-ին: