Շառլ դը Գոլի առաջ քաշած «Միացյալ Եվրոպայի» գաղափարը՝ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Ուրալ, առանց բաժանարար գծերի, կիրականանա, իսկ եվրոպական երկրների՝ Կիեւում փետրվարյան պետական հեղաշրջման ձեւաչափով փորձերը դատապարտված են ձախողման, կարծում է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նա այդ մասին հայտարարել է ԽՍՀՄ դը Գոլի այցի 70-ամյակի առթիվ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կազմակերպված ցուցահանդեսի բացմանը:

Ըստ Նարիշկինի՝ «Եվրասիական ինտեգրման զարգացումը թույլ է տալիս ձեւավորել միասնական Եվրասիայի գլոբալ հայեցակարգ՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ եւ հյուսիսում Մուրմանսկից եւ Օսլոյից մինչեւ Հանոյ, Շանհայ եւ Դելի՝ հարավում»: «Այստեղ հատուկ դեր ունեն Ռուսաստանն ու Ֆրանսիան, եւ գեներալ դը Գոլը դա զգում եւ հստակ տեսնում էր», - ընդգծել է Նարիշկինը:

Նա նաեւ հիշեցրել է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից մի քանի ամիս առաջ դը Գոլը արտասանել էր իր հայտնի խոսքերը. Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համար միասին լինել նշանակում է լինել ուժեղ,  իսկ պառակտված լինել՝ նշանակում է վտանգի մեջ հայտնվել:

Այդ օրվանից, ըստ Նարիշկինի, անցել է 70 տարի, «աշխարհագրությունը չի փոխվել, երկրների փորձը մեծացել է, իսկ ահա եվրոպացի շատ քաղաքական գործիչների առողջ դատողության հետ ինչ-որ բան է կատարվում, այլապես ինչպես բացատրել Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների դիտավորյալ քայքայումը»:

«Չէ որ ընկերների հետ պատժամիջոցների լեզվով չեն խոսում, եւ ԱՄՆ-ին գոհացնելու ցանկությունն այժմ բնորոշ է երբեմնի անկախ, այժմ՝ ինքնիշխանության մի մասը կորցրած ԵՄ երկրներին», -ասել է խոսնակը:

Ընդ որում, ըստ նրա, «հենց բարիդրացիությունն ու վստահությունն են համապատասխանում եվրոպական մայրցամաքի շահերին, իսկ նրանց, ովքեր Բրյուսելում եւ Վաշինգտոնում փորձում են Եվրոպայի ապագան պլանավորել հակամարտության եւ պետական հեղաշրջումների տրամաբանությամբ, ինչպես եղավ փետրվարին Կիեւում, ասենք, որ նման ապագա Եվրոպան չի ունենա: