Շուկայում բազմաթիվ դեզոդորանտներ կան: Սակայն բուլղարական ընկերությունն անսպասելի տարբերակ է առաջարկում. մարմնի տհաճ հոտերը հեռացնող հատկություն ունեցող կոնֆետներ:

Կոնֆետ արտադրող փոքրիկ ձեռնարկության սեփականատեր Վենցիսլավ Պեյչեւը կարծում է, որ գեղեցկությունը պետք է ներսից բխի, եւ նոր կոնֆետը կարող է լուծել այդ խնդիրը:

Ըստ Meddaily-ի, արտասովոր կոնֆետները կոչվում են «Deo Perfume Candy»: Դրանց խնդիրը մարմնի հոտը չեզոքացնելն է՝ այն փոխարինելով քաղցր բույրով: Արդյունքը պահպանվում է մինչեւ վեց ժամ. դա կախված է մարդու չափսերից եւ այն հանգամանքից, թե որքան կոնֆետ է նա կերել:

Կոնֆետները տարբեր են (փափուկ միջուկով, ամուր կոնֆետներ, ծամվող եւ առանց շաքարի): Հիմքում ճապոնացի գիտնականների հետազոտությունն է, որոնք պարզել են, որ վարդի յուղի հիմնական բաղադրիչը՝ հերանիոլը, մարմնում չի լուծվում, այլ դուրս է գալիս մաշկի միջոցով: Այսինքն՝ հերանիոլը սխտորի հակադիր տեսակն է. վերջինը, ինչպես հայտնի է, մարմնին տհաճ հոտ է հաղորդում: