Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ վստահեցրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքով՝ մոնիտորինգային որեւէ իրավապաշտպան կազմակերպության կամ որեւէ երկրի քաղաքական զեկույցներում արձանագրված չէ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:

Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանն ու Վոլոդյա Ավետիսյանը ճաղերի հետեւում հայտնվեցին հենց քաղաքական գործունեություն ծավալելու համար, նախարարը պատասխանեց. «Քաղաքականությունը եւ քրեական իրավունքը տարբեր բաներ են, մարդը կարող է քաղաքական որոշակի գործընթացի մասնակից լինել եւ դրանց մասնակից լինելով՝ թույլ տալ այնպիսի բնույթի խախտումներ, որոնք կարող են Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ որակվել՝ որպես հակաօրինական եւ քրեորեն հետապնդելի»,- ասաց նա: