ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի Վասիլեօստրովսկի շրջանում գտնվող կենտրոնական պուրակը առաջիկայում կանվանակոչվի Երեւանյան պուրակ: Այս մասին նշել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Սանկտ Պետերբուրգում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի Վասիլեօստրովսկի շրջանում գտնվող կենտրոնական պուրակ, որտեղ այս տարվա հոկտեմբերին Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ տեղադրվել էր հայկական խաչքար:

Տարոն Մարգարյանն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: