Հայաստանում արդարադատության համակարգ ընդհանրապես չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոյեմբերի 5»-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Հայաստանում արդարադատություն ընդհանրապես չկա, եւ այդ համակարգում աշխատող ցանկացած անձ չի ելնում արդարադատությունից, նա պետք է կատարի իշխանությունների կամքը եւ բնական է, որ հայտարարություններն էլ աբսուրդի են հասնելու»,-ասաց Ռուզաննա Բադալյանը:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նրա խոսքով՝ մոնիտորինգային որեւէ իրավապաշտպան կազմակերպության կամ որեւէ երկրի քաղաքական զեկույցներում արձանագրված չէ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:
Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանն ու Վոլոդյա Ավետիսյանը ճաղերի հետեւում հայտնվեցին հենց քաղաքական գործունեություն ծավալելու համար, նախարարը պատասխանել է. «Քաղաքականությունը եւ քրեական իրավունքը տարբեր բաներ են, մարդը կարող է քաղաքական որոշակի գործընթացի մասնակից լինել եւ դրանց մասնակից լինելով՝ թույլ տալ այնպիսի բնույթի խախտումներ, որոնք կարող են Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ որակվել՝ որպես հակաօրինական եւ քրեորեն հետապնդելի»:




























