Հայաստանը բնավ էլ մի գիշերում չէ Եվրասիական տնտեսական միություն մտել: Այս մասին դեկտեմբերի 8-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողներին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նման խոսակցությունները նա անհիմն է անվանել՝ հավելելով, որ ինքն անձամբ է հետեւել Հայաստանի համար լավագույն պայմաններով անդամակցության բանակցություններին:
Այն, որ Հայաստանում ոչ բոլորն են կողմ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը, նա միանգամայն նորմալ է համարում: «Իհարկե, ամեն մեկն իր կարծիքն ու մոտեցումներն ունի: Չեն կարող բոլորը կողմ կամ դեմ լինել: Պետք է ուղղակի մտածել, թե ինչ կտա դա Հայաստանին: Այս մասին քանիցս խոսվել է, չեմ ցանկանում կրկնվել: Միայն կասեմ, որ դա անվտանգությունն է, Ռուսաստանում աշխատող հայերի հարցը: Դա արտադրողների համար աշխատանքն է, որոնք կարող են նոր կապեր հարթել ռուսական շուկայում», - հավելել է Աբրահամյանը:




























