Չի կարելի ՀՀԿ-ի յուրաքանչյուր անդամի հայտարարությունները վերագրել ողջ կուսակցությանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ (ով առավել հայտնի է՝ որպես Թոխմախի Մհեր) Եվրասիական տնտեսական միության շուրջ արված հայտարարությունը:
Մի քանի օր առաջ Սեդրակյանը հայտարարել էր, որ Հայաստանը միշտ ստիպված է եղել ինչ-որ մեկի լծի տակ ապրել՝ կամ պարսիկների, կապ թուրքերի, կամ ռուսների, ուստի ավելի նախընտրելի է Ռուսաստանի լծի տակ ապրել, քանի որ այլ կերպ անհնար է: «Հայկական ուժերը Ղարաբաղն ազատագրել ու պահել են Ռուսաստան օգնությամբ», - հավելել է Սեդրակյանը:
Այս առիթով Գալուստ Սահակյանը նկատեց, որ ՀՀԿ-ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանը պայքարել է Հայաստանի անկախության համար, սակայն ամենեւին դեմ չէ Ռուսաստանին կամ կոմունիստներին: «Նա միայն ցանկացել է, որպեսզի Հայաստանը անկախ լինի», - հավելեց Սահակյանը: Միեւնույն ժամանակ, Սահակյանը նկատեց, որ ՀՀԿ-ում յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու ազատություն ունի: «Չեմ կարծում, որ կա որեւէ հայ, այդ թվում եւ՝ Մհեր Սեդրակյանը, ով ղարաբաղյան պատերազմը եւ նրա ելքը կապում է այլ պետության հետ», - եզրափակեց Գալուստ Սահակյանը:




























