Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 8-ին, վկայություն տվեց լրագրող Լիլիթ Թադեւոսյանը, որը նախորդ տարի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցածխ բախումների ժամանակ աշխատել էր որպես լրագրող,  եւ հաստատեց, որ տեսել եւ նկարահանել է, թե ինչպես է ոստիկանը հարվածում ամբաստանյալ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:

«Ես այն պահին հասա, երբ երկու կողմից ոստիկանները պատ էին կազմել: Ես դիմացի մայթին էի գտնվում, բայց տեսա, թե ինչպես են մի քանի ոստիկաններ փորձում Արգիշտի Կիվիրյանին գրկած բերման ենթարկել: Մինչեւ փողոցն անցա, նրան արդեն նստացրել էին ՃՈ մեքենան, ես փորձում էի նկարել , ինձ խոչընդոտում էին, բայց որոշակի հատված նկարել եմ: Մեքենայի մեջ ինչ-որ ոստիկան գոռում էր իր գործընկերների վրա: Արգիշտին պառկած տեղից վեր կացավ, էդ ոստիկանը հարվածեց իրան»,- մանրամասնեց վկա Թադեւոսյանը: 

Վկան նաեւ նշեց, որ Արգիշտի Կիվիրյանի կողմից հայհոյանքներ եւ ագրեսիվ պահվածք չի նկատել:

Մեղադրող Արթուր Երիցյանը, սակայն, կասկածի ենթարկեց վկայի լրագրող լինելու փաստը` Լիլիթ Թադեւոսյանից պահանջելով ներկայացնել անձը եւ լրագրողական գործունեությունը հաստատող փաստաթղթեր, ինչը վկան արեց:

Մեղադրողը փորձեց վկայից ճշտել, թե որքան ժամանակ է նրանից խլել ոստիկանական մեքենային մոտենալը: Վերջինը պատասխանեց, որ 20 մետր հեռավորության վրա է եղել եւ մեքենային հասնելու համար վայրկյաններ են իրենից պահանջվել:

«Եթե Արգիշտի Կիվիրյանին գրկած տանելն այդքան կարճ է տեւել, Դուք չէիք կարող այդքան մոտ գալ, ամեն ինչ տեսնել, լսել: Կոմիտաս փողոցն անցնելը վայրկյանների բան չէ»,- ասաց Արթուր Երիցյանը:

Դատարանը որոշեց բավարարել նախորդ նիստին պաշտպանական կողմի ներկայացված տեսանյութը դատարանում վերարտադրելու եւ հետազոտելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն տեխնիկական անհարթությունների պատճառներով տեսանյութի դիտումը նշանակվեց հաջորդ դատական նիստին:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: