Կառավարության մոտ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կեսօրից բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիների 5 հոգանոց պատվիրակությանը 3 ժամ սպասեցնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չընդունեց նրանց՝ պատճառաբանելով, որ խորհրդակցության է։ (ֆոտոռեպորտաժ)
Ավելի վաղ բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիները հայտարարել էին, որ չեն ընդունում 5 հոգանոց պատվիրակություն կազմելու եւ վարչապետին հանդիպելու Հովիկ Աբրահամյանի առաջարկը, պնդում էին, որ վարչապետն իջնի եւ հանդիպի բոլորի հետ, սակայն ի վերջո «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը նրանց համոզեց, որ հանդիպեն վարչապետին։
«Մենք այսօր նամակ չունենք հանձնելու, մեր օրակարգային միակ հարցը աշխատավարձերի մարման հարցն է։ Եթե եկել ենք այստեղ, ուրեմն մենք ուզում ենք հանդիպել վարչապետին, քանի որ մենք հարգում ենք մեր երկրում վարչապետի պաշտոնը, անկախ նրանից՝ ով է այն զբաղեցնում»,- նաիրիտցիներին համոզում էր Հրաչ Թադեւոսյանը։
«Նաիրիտի» աշխատողներն ի վերջո համոզվեցին, պատվիրակություն կազմեցին, սակայն մինչև երեկոյան ժամը 18։00-ն սպասելուց հետո հեռացան՝ այլեւս հույս չունենալով, որ այսօր վարչապետը կընդունի իրենց։
Նրանք վաղն առավոտյան կրկին կհավաքվեն Կառավարության շենքի մոտ՝ պահանջելու իրենց աշխատավարձերը։
Նշենք, որ գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան հավաքվել էին գործարանի բակում։ Որքան էլ արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը փորձում էր համոզել նաիրիտցիներին երկու օր սպասել, մինչեւ ՄԻՊ-ին ուղղված նամակը պատրաստ կլինի, նրանք ոտքով շարժվեցին դեպի կառավարության շենք՝ նշելվ, որ պատրաստ են դիմել վճռական միջոցների՝ ընդհուպ մինչեւ նստադուլ եւ հացադուլ։
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն հավատում, որ իշխանությունները կատարելու են իրենց խոստումը եւ վճարելու են իրենց 18 ամսվա աշխատավարձերի պարտքը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար։ Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























