Տաթեւում, դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած դանակահարության գործով կա ձերբակալված:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 17:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած -ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթեւ գյուղի բնակիչ Արման Մանգասարյանը։ Վերջինս հայտնել է, թե մարմնական վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Պարզվել է, որ իրականում նրան այդ վնասվածքը պատճառվել է 2014թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթեւ գյուղի «Կենցաղի տան» շենքի հարակից տարածքում անձնական բնույթի հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։
2014թ.դեկտեմբերի 7-ին Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։
Տուժող Արման Մանգասարյանի եւ կասկածյալի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:




























