Երկրաշարժից 26 տարի անց Սպիտակում դեռեւս կան անօթեւաններ, սակայն, բնակֆոնդի վերականգման եւ աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ լայն աշխատանքներ են տարվում:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

«Բնակֆոնդը գրեթե ամբողջությամբ վերականգնված է, բայց նախկին ինդուստրիալ կենտրոնը դեռեւս չկա: Վերջերս բացեցինք 200 աշխատատեղով թռչնաբուծական ֆաբրիկա, հիմա ջերմոցային տնտեսության վրա ենք աշխատում, շուտով դա էլ կբացվի, մոտ 20 աշխատատեղ կբացվի: Խնդիրները կամաց-կամաց լուծվում են: Թոթափում ենք աղետի գոտի ասվածը՝ միաժամանակ զարգանալով», - պատմեց Գագիկ Սահակյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Սահակյանը ասաց, որ խնդիրները Սպիտակում, իրականում, այնպիսին են, ինչպիսին ամբողջ հանրապետությունում՝ ավելացնելով, որ ամենահրատապ հարցը աշխատատեղերի բացակայությունն է:

«Սպիտակը մինչեւ երկրաշարժը արդյունաբերական խոշոր կենտրոն էր՝ 14-15 000 աշխատատեղերով, աշխատուժը նույնիսկ ներմուծում էինք, սակայն այսօր աշխատատեղերի քանակը խիստ սահմանափակ է: Սպիտակում միայն աշխատատեղեր են անհրաժեշտ, մնացածը սպիտակցին կստեղծի, ինչպես որ ստեղծել էր երկրաշարժից առաջ»,- ասաց նա։

Գագիկ Սահակյանը գործարարներին հորդորեց Սպիտակում ներդրումներ անել, ինչը կօգնի լուծել առկա խնդիրների եւ աշխատատեղեր ստեղծել։

«Սպիտակը շատ բարենպաստ տեղ է բիզնես իրականացնելու համար եւ բնակլիմայական եւ բնակլիմայական պայմանների տեսակետից: Հրավիրում եմ բոլոր գործարարներին, ովքեր կարող են ինչ-որ մի բան անել, մեր հետ միասին վերականգնել քաղաքը»,- ասաց Սպիտակի քաղաքապետը: