Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի նկատմամբ, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անհիմն դատավճիռ է կայացրել: Այս մասին հայտարարեց Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը՝ հավելելով, որ դատավճիռը ենթակա է բողոքարկման, ինչի համար ինքը կդիմի Վերաքննիչ դատարան:
«Բնականաբար դատավճիռը մեզ չի բավարարում: Մենք վերաքննիչ բողոք կներկայացնենք: Խարդախության հոդվածը իրավական առումով հիմնավոր չի կարող համարվել: 29 մլն մասով հայցն էլ չբավարարեցին: Եթե խարդախությունը հիմնավորված էր, եթե պետությունից գումարները խարդախությամբ է հափշտակել, այդ դեպքում ինչո՞ւ պետության հայցը չբավարարվեց: Ես գտնում եմ, որ լիովին անհիմն դատավճիռ էր Խաչիկյանի մասով»,- ասաց փաստաբանը:
Ժորա Վարոսյանը նշեց, որ յուրացման վերաբերյալ վկաների ցուցմունքները բավարար չեն կարող համարվել:
«Յուրացման վերաբերյալ վկաները ցուցմունք տվեցին, թե գումարը տվել են Խաչիկյանին: Դա հիմք ընդունելն անթույլատրելի է: : Հենց փաստական հանգամանքները հերքում են, եթե Մնացականյանը Վարժապետյանին 29 մլն. գումար չի տվել, էդ դեպքում ի՞նչ հիմքով հիմնավոր համարեցին, որ 29 մլն գումարը Խաչիկյանը վերցրել եւ խարդախությամբ տիրացել է: 29 մլնի մասով թե փաստական հանգամանքները, թե իրավական գնահատականը վկայում են, որ նա ընդհանրապես տվյալ հանցակազմի հետ որեւէ կապ չունի: Մարդը թող իր արածի համար պատասխանատվություն կրի »,- նշեց փաստաբանը:
Վազգեն Խաչիկյանի պաշտպանյալի կարծիքով՝ դատավարությունը ոչ պրոֆեսիոնալ մակարդակով է անցկացվել:
«Օրինակ Պապոյանն ավելի մանրակրկիտ քննություն էր կատարում, քան Վարդանյանը: Վարդանյանը էնպես հապշտապ, էնքան որ դատական նիստն ավարտի եւ դուրս գա»,- ասաց Վարոսյանը:
Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտեց 12 տարվա ազատազրկման։
Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել էր 13 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:




























