ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում զինծառայողի սպանության դեպքի առթիվ՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության շարժառիթով։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին՝  ժամը 15:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում սպանություն կատարելու նպատակով հակառակորդի կողմից ազգային եւ կրոնական ատելության շարժառիթով արձակած կրակոցի հետեւանքով որովայնի շրջանում ստացած կույր հրազենային վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմն ունի առնվազն 5-7 զոհ:

Հակառակորդի կրակոցից զոհված Գարիկը Գեղարքունիքի մարզից է