Բնապահպանության նախկին նախարար, Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը ճիշտ չի համարում բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունները միավորելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադ Մուրադյանը:
Նա նշեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, որ նման մտադրություն կա: «Ճիշտ չեմ համարում, ես իմ կարծիքն ունեմ, հիմա տեղս հարմար չէ, երբ հանդիպենք, մանրամասն կասեմ կարծիքս»,-ասաց Մուրադ Մուրադյանը: Նա նշեց, որ իր կարծիքով ոչինչ չի որոշվում, երբ արդեն նախարարությունները միավորելու ուղղությամբ քայլեր արվեն, ինքը մանրամասն կհիմնավորի, թե ինչու պետք չէ դրանք միացնել:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը, վկայակոչելով Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները: «Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչեւ գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը: Թե բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում՝ դեռ հայտնի չէ: Վերջինս, մինչ նախարար նշանակվելը, Արարարտի մարզպետն էր եւ այսօր էլ մեծ ազդեցություն ունի այնտեղ: Կառավարության կառուցվածքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում: Դրանցից մեկի՝ ներքին գործերի նախարարության ստեղծման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է»։




























