Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարեւոր են երկու երկրների անվտանգության տեսակետից, քանի որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանն այն է, ինչ պետք է Հայաստանին, սակայն դա պետք է, եւ միեւնույն ժամանակ կարեւոր նաեւ Ռուսաստանի համար: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Ռուսաստան-Հայաստան ինտեգրում գլոբալ ճգնաժամի ֆոնին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւը:

Նրա խոսքով՝ ուրախալի է, որ ճգնաժամը շատ քիչ, կամ ընդհանրապես չի շոշափվում Հարավային Կովկասում: «Մի կողմից, հավանաբար, Արեւմուտքում հասկանում են, թե Հարավային Կովկասում անհավասարակշռության գինը ինչպիսին կարող է լինել: Մյուս կողմից, Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բավականին ամուր են դժվարություններին դիմակայելու համար», - նկատեց Սիլաեւը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները խորանում են, Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: «Եւ կարեւոր է, որ անվտանգության ոլորտում զարգացած հարաբերություններն այսօր առկա են նաեւ տնտեսական ոլորտում», - հավելեց փորձագետը: