Մոսկվայի հյուսիս-արեւելքում էթնիկ հանցավոր խմբի ենթադրյալ անդամների են ձերբակալել, երբ նրանք փորձել են բանկոմատ առեւանգել, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա տվյալներով՝ նախօրեին առավոտյան քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 6 տղամարդու, որոնք Ենիսեյյան փողոցում փորձել են բանկոմատ առեւանգել:

Պարզվել է, որ նրանք բանկոմատին մոտեցել են Porsche Cayenne եւ BMW X5 մակնիշների մեքենաներով, նիգի ու մեծ մուրճի օգնությամբ կոտրել են բանկոմատը, որտեղ եղել է 2,8 մլն ռուբլի: Չարագործները այդ փողը տեղափոխել են մեքենան ու հենց այդ պահին էլ ձերբակալվել են:

Կասկածյալներից մեկը փորձել է փախչել BMW-ով, բայց բախվել է ոստիկանների միկրոավտոբուսին, որից հետո ձերբակալվել է:

Ձերբակալվածներից 4-ը հայեր են, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ: Մյուս երկուսից մեկը Չեչնիայի բնակիչ է: Նրանք բոլորը կասկածվում են Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում բանկոմատներ եւ վճարային տերմինալներ թալանելու մեջ: