Հայաստանի բնակչության զգալի մասը ըմբռնումով է մոտենում կոռուպցիայի դրսեւորումներին: Այս տխուր փաստն այսօր՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արձանագրեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Հիշեցնենք, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանը նույնպես միացել է ՄԱԿ-ի Կոնվենցիային:
Ինչպես նշեց փոխնախարարը, կոռուպցիան խարխլում է պետության հիմքերը եւ խանգարում տնտեսության զարգացմանը: Այն գործնականում գրեթե ամենուր է, սակայն հատկապես բացասաբար է արտացոլվում զարգացող երկրներում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հայաստանը, համագործակցելով օտարերկրյա գործընկերների հետ, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ծրագրեր է իրականացնում:
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արդեն երկու ռազմավարություն է իրացվել՝ 2003-2007թթ եւ 2009-2012թ.: Ներկայումս մշակված է նոր ռազմավարություն, այն արդեն գործարկվել է: Սուրեն Քրմոյանի խոսքով՝ նախորդ երկու ռազմավարությունները ավելի ծավալուն էին եւ համընդգրկուն: Նոր ռազմավարությունն ավելի կոմպակտ է եւ կընդգրկի հարցման արդյունքներով առանձնացված 4 հիմնական ոլորտ. կրթություն, առողջապահություն, ֆինանսներ եւ հարկեր, ոստիկանություն: Ապագայում կավելանա նաեւ սոցիալական ոլորտը: Դատական ոլորտը, որից դժգոհ են շատ քաղաքացիներ, ռազմավարության մեջ ընդգրկված չէ:
«Ցավոք, մեր հասարակությունը բավականին չեզոք եւ համբերատար է այնպիսի երեույթների նկատմամբ, ինչպիսին կոռուպցիան է: Ավելին, շատերը պատրաստ են նման ճանապարհով լուծել իրենց խնդիրները: Կփորձենք նմանատիպ երեւույթների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք արմատավորել», - նշեց փոխնախարարը:




























