Ամերիկյան Time ամսագրի ընթերցողների կարծիքով՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ճանաչվել է 2014թ.-ի տարվա մարդ: Այս մասին հայտնում է ամսագրի պաշտոնական կայքը:

Մոդիի թեկնածության օգտին է քվեարկել ամսագրի՝ 225 երկրներից 5 մլն ընթերցողների 16%-ը: Չնայած ընթերցողների շրջանում նման մասսայականությանը՝ Մոդին չի ընդգրկվել ամսագրի խմբագրության կողմից ընտրվելիք «Տարվա մարդ» կոչման դափնեկրի 8 թեկնածուների թվում, հայտնում է «Նովոե Վրեմյան»:

Թեկնածուների ցանկը NBC News հեռուստաալիքի եթերում հրապարակել է ամսագրի խմբագիր Նենսի Գիբսը: Դրանց թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին, Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման, Apple ընկերության հիմնադիր Թիմ Քուքը, ԱՄՆ-ի ֆուտբոլային ազգային լիգայի կոմիսար Ռոջեր Գուդիլը եւ ամերիկացի դերասանուհի ու երգչուհի Թեյլոր Սվիֆթը:

Time ամսագրի վարկածով՝ Տարվա մարդ անվանակարգի հաղթողին կընտրի պարբերականի գլխավոր խմբագիրը, սիկ արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 10-ին NBC հեռուստաալիքի եթերում:

Մոդին Հնդկաստանի կառավարությունը ղեկավարել է 2014-ի մայիսից: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել է թարմացնել հնդկական տնտեսությունը, վերադարձնել ներդրումները, նոր տիպի 100 քաղաքներ կառուցել, 10 տարվա ընթացքում 250 միլիոն աշխատատեղեր ստեղծել: Մոդին հատուկ նշանակություն է տալիս կրթությանը: Դրանից բացի, նրա կուսակցությունը դեմ է Հնդկաստանում միջազգային մուլտիբրենդային առեւտրային կենտրոնների բացմանը, քանի որ դա կարող է միլիոնավոր մանր առեւտրականների զրկել իրենց եկամուտներից: India Today ամսագրի վարկածով՝ Մոդին 2006թ. եւ 2011թ. ճանաչվել է Հնդկաստանի լավագույն վարչապետ: