Եվրամիության հետ բանակցային գործընթացը չի կարող խոչընդոտ լինել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել են Թուրքիայի արտգործնախարարությունից: Աղբյուրի փոխանցմամբ ՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիի այցը պետք է ընկալել այն համատեքստում, որ Անկարան ծանրաբեռնված արտաքին քաղաքականության օրակարգ ունի, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
«Մենք գոհ ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններից, սակայն մենք նաեւ ՆԱՏՕ-ի անդամ-երկիր ենք... ԵՄ-ի հետ բանակցային գործընթացը չի կարող խոչընդոտ լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների համար: Եվ Մոգերինիի այցը, որը տեղի ունեցավ Պուտինի այցից հետո, պետք է ընկալել ոչ թե տարօրինակ համընկնում, այլ մեր ծանրաբեռնված արտաքին քաղաքական օրակարգի առկայության վկայություն», - ռուսական լրատվամիջոցներին հայտարարել են թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչությունից:
Թուրքիայի ԱԳՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ մեկնաբանել է Անկարայի եւ Մոսկվայի միջեւ վերջերս ձեռքբերված գազային համաձայնությունները: «Դա նախնական պայմանավորվածություն էր, որը նախատեսում է դեպի Եվրոպա գազի մատակարարման համար այլընտրանքային երթուղու կառուցման հնարավորությունների հետազոտություն եւ գնահատում: Մենք չենք կարող ասել, որ փաստաթուղթը իրավաբանական պարտավորություն է: Սակայն պետք չէ մոռանալ, որ էներգետիկայի ոլորտում երկու պետությունների միջեւ իրագործվել եւ իրագործվում են տարբեր նախագծեր»:




























